воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Սոցիալապես անապահով ընտանիքներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
2.2.1 Սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ավելորդ վարչարարություն, օրենսդրական թերություններ:

Պաշտպանին ուղղված դիմում-բողոքներում մի շարք քաղաքացիներ բարձրացրել են ընտանիքի անապահովության գնահատման համակարգին (Համակարգ) առնչվող տարաբնույթ խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ` ընտանիքի անապահովության միավորի հաշվարկման բանաձևի թերությունների, կոմունալ ծառայությունների վճարների ավելացմամբ պայմանավորված ընտանեկան բյուջեում ծախսերի ավելացումը հաշվի չառնելու, 3 ամիս անընդմեջ նպաստ չստանալու դեպքում դրա իրավունքի դադարեցման, ընտանեկան նպաստի բանաձևի անհամարժեքության, Համակարգում առկա կոռուպցիոն ռիսկների, տեսուչների կողմից տարբեր չարաշահումների, պետական տարբեր մարմինների համար Համակարգի վերաբերյալ տեղեկատվական բազայի անհասանելիության առումներով: Առհասարակ, տարբեր վերլուծություններ վկայում են, որ սոցիալապես անապահով ընտանիքիները մեծ կախվածություն ունեն պետության կողմից տրամադրվող սոցիալական տրանսֆերտների, այդ թվում` ընտանեկան և սոցիալական նպաստի և այլ տեսակի օգնությունից274: Իսկ այդ ընտանիքներին նպաստների վճարման դադարեցումն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց շրջանում աղքատության, այդ թվում` մանկական աղքատության մակարդակի զգալի աճի275: Ավելին, աղքատության մակարդակի աճին զուգահեռ դա կհանգեցնի աղքատության խորության ու սրության սաստկացման, ինչպես նաև բժշկական, կրթական և մյուս ծառայությունների հասանելիության
274 http://www.armstat.am/file/article/4.poverty_2014a_1.pdf, ինչպես նաև Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքիների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, դեկտեմբեր 2013 թվական
275 http://www.armstat.am/file/doc/99489153.pdf
116
կրճատման, քանի որ ընտանիքի՝ անապահովության համակարգում հաշվառված լինելու դեպքում անձն օգտվում է մի շարք ոլորտներում անվճար ծառայություններ ստանալու արտոնությունից276: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի արդյունավետությանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն: 2013 թվականի իր Եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 54.3%-ը և աղքատ ընտանիքների 4.1%-ն են կանոնավոր կերպով օգտվում այդ փաթեթներից` ընտանեկան նպաստի բանաձևի անհամարժեքության և գոյություն ունեցող պետական աջակցության վերաբերյալ տեղեկացվածության պակասի պատճառով277: Նշենք նաև, որ ըստ ԱՎԾ տվյալների` ընտանեկան նպաստի համակարգի շահառուները գտնվում են սպառման բաշխվածության ամենաստորին երկու քվինտիլներում278: Ինչ վերաբերում է նպաստների չափին, ապա ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության միջոցներն անբավարար են՝ երաշխավորելու համար համապատասխան կենսամակարդակ, այդ թվում՝ թոշակառուների և գործազուրկների համար: Կոմիտեն նշել է, որ նույնիսկ «խոցելիության գործակիցների» համակարգի (the system of “vulnerability ratios”) առկայությամբ, սոցիալական աջակցությունը բավարար չի եղել՝ հոգալու աղքատության մեջ ապրող ընտանիքների կարիքները, իսկ նպաստների չափը նույնպես անբավարար է279: Ընտանիքի անապահովության համակարգին առնչվող հաջորդ խնդիրն այն է, որ դրա մեջ մեծ է մարդկային գործոնը, ինչը հաճախ հանգեցնում է տարատեսակ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի: Բողոքներում, մասնավորապես, նշվել է, որ տնայց կատարող տեսուչները հաճախ ոչ պատշաճ են կատարել տնայցը կամ առհասարակ այց չեն կատարել: Միաժամանակ, չկան վերահսկման մեխանիզմներ` պարզելու, թե արդյոք տեսուչը պատշա՞ճ կերպով է արձանագրում ընտանիքի սոցիալական պայմաններն ու գույքը: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ տեսուչները որոշակի գումարի (1-2 ամսվա նպաստի գումար) դիմաց համաձայնել են կեղծել մարդկանց տվյալները, որպեսզի նրանք կարողանան նպաստ ստանալ: Նշենք նաև, որ անապահովության հաշվարկման համակարգում մեծ ուշադրություն է դարձվում հենց անձի կենսաթոշակի չափին, սակայն համակարգը անհրաժեշտ չափով ճկուն չէ՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելու համար: Ըստ Պաշտպանին ուղղված դիմումներից մեկի՝ օրինակ, 50,000 դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին զրկվել էր սոցիալական նպաստ ստանալու իրավունքից՝ չնայած իր նպաստից միայն 40,000 դրամ
276 Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն իր 2013 թվականի զեկույցում276 նշել է, որ սոցիալապես անապահով անձանց՝ անվճար բժշկական օգնություն ստանալու շեմը Հայաստանում շատ ցածր է սահմանված, ինչի արդյունքում միայն ծայրահեղ աղքատներն են օգտվում անվճար օգնություն ստանալու արտոնությունից այն դեպքում, երբ համեմատաբար ավելի բարձր եկամուտ ունեցող անձանց համար այս ծառայությունները նույնպես մատչելի չեն: http://www.coe.int/t/dghl/monitoring/socialcharter/Conclusions/State/Armenia2013_en.pdf
277 http://www2.ohchr.org/english/bodies/crc/docs/co/CRC-C-ARM-CO-3-4.pdf
278 http://www.armstat.am/file/doc/99489153.pdf
279http://bit.ly/1wWxfrM
117
վճարում է իր հիվանդության համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար: Բացի դրանից՝ գործող Համակարգը հաշվի չի առնում, տարվա ցուրտ եղանակին կոմունալ ծառայությունների վճարների ավելացմամբ պայմանավորված, ընտանեկան բյուջեում ծախսերի ավելացումը: Հաշվի առնելով ձմռանը տան ջեռուցման համար հատկացվող վճարները` ավելանում են ընտանիքի ծախսերը, իսկ նպաստի գումարը մնում է նույնը, ինչի արդյունքում ընտանիքի եկամուտը կտրուկ նվազում է: Մեկ այլ խնդիր վերաբերում է նրան, որ 3 ամիս անընդմեջ անհարգելի պատճառով նպաստ չստանալու դեպքում՝ նպաստառուն կորցնում է դրա իրավունքը: Նման սահմանափակումը գործնականում հաճախ կամայական է կիրառվել: Հաճախ նպաստառուն իրենից անկախ հանգամանքների բերումով չի ստացել նպաստը, իսկ լիազոր մարմինը գործնականում չի դիտարկել դրա պատճառները, այլ պարզապես դադարեցրել է նպաստի վճարումը: Խնդրահարույց է նաև Համակարգի տեղեկատվական բազայի` այլ պետական մարմիններում հասանելի չլինելը, ինչը լրացուցիչ վարչարարական խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար: Օրինակ, դեպքերից մեկով ՀՀ դատական դեպարտամենտը չէր ազատում քաղաքացուն պետական տուրք վճարելու պարտավորությունից, քանի դեռ քաղաքացին չէր ներկայացրել տեղեկանք՝ նպաստառու լինելու վերաբերյալ: Առհասարակ մի շարք դեպքերով անապահովության միավորի հաշվարկման ժամանակ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատության ապացուցման բեռը, որպես կանոն, դրվել է հենց քաղաքացու վրա, ինչը չի բխում վարչարարության հիմունքներից: Հաշվի առնելով բազմաթիվ անձանց կողմից սոցիալական աջակցության համակարգի չարաշահման ռիսկերը՝ այնուհանդերձ, նման մոտեցման արդյունքում հաճախ տուժել են բարեխիղճ քաղաքացիները: Համակարգի արդյունավետության համատեքստում նշենք, որ Համաշխարհային բանկը դեռևս 2013 թվականին վերլուծել է Վրաստանի ընտանիքի անապահովության գնահատման համակարգը280, որը շատ հատկանիշներով մոտ է Հայաստանի համակարգին: Արդյունքում, Վրաստանի մոդելում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք վերաբերելի են նաև Հայաստանի համակարգին: Այսպես, փորձագետների պնդմամբ` գործնականում տվյալ Համակարգով գրեթե անհնար է լինում հաշվի առնել ընտանիքի ունեցած չգրանցված եկամուտները, որոնք Հայաստանի նման ստվերային տնտեսության մեծ հատված ունեցող պետություններում կարող են զգալի գումար կազմել: Ավելին, ընտանիքի անապահովության գնահատումը հիմնվում է նաև ընտանիքի գույքի գնահատման վրա, որը հաշվի չի առնում, թե երբ և ինչպես է ձեռք բերվել տվյալ գույքը: Արդյունքում, նախկինում սոցիալապես ապահովված և վերջին շրջանում աղքատացած ընտանիքներն իրենց գույքի առկայության պատճառով չեն կարողանում օգտվել սոցիալական նպաստներից: Այսպիսով, ընտանիքի անապահովության համակարգում առկա վերոնշյալ խնդիրները հանգեցնում են Համակարգի ոչ արդյունավետ գործունեությանը և չեն նպաստում աղքատության կրճատմանը: Առաջարկ. բարձրացնել ընտանիքի անապահովության համակարգի արդյունավետությունն ու հասցեականությունը, այդ թվում` վեր հանել և կանխել
280 http://www.iza.org/conference_files/worldb2014/santos_i6427.pdf
118
կոռուպցիոն ռիսկերը, հնարավոր չարաշահումները, ուժեղացնել վերահսկողությունը տեսուչների աշխատանքի նկատմամբ, ապահովել նպաստների հասանելիությունը բոլոր խոցելի ընտանիքների համար, ինչպես նաև համակարգի վերաբերյալ տեղեկատվական բազայի հասանելիությունը համապատասխան պետական մարմինների համար, վերանայել ընտանեկան նպաստի բանաձևը:

Комментариев нет :

Отправить комментарий