ՀՌՉԱԿԱԳԻՐ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վերջնական տարբերակով հաստատվեց Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 183-րդ լիգայում, 1948թ. դեկտեմբերի 10-ին, Շայլոթ պալատում (Փարիզ) ։
Հռչակագիրն ունի խորհրդատվական կարգավիճակ, բայց դրա հիմքում ընկած են մասնակիցների համար պարտադիր երկու պայմանագիր՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը և Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։
Հռչակագրի առանձին դրույթներ, ինչպես օրինակ խոշտանգումների և ստրկության արգելքը, որպես իմպերատիվ նորմա՝ պարտադիր են։ Առանձին երկրներում Հռչակագիրը ճանաչվում է մասամբ։
Այս փաստաթուղթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (2009թ. ավելի քան 350) և համարվում է ամենաշատ թարգմանվող փաստաթուղթը աշխարհում։ Էլեոնորա Ռուզվելտը Հռչակագիրն անվանել է «Ազատությունների մեծ կանոնադրություն» ողջ մարդկության համար (այդ իսկ պատճառով
Հռչակագիրը երբեմն անվանում են Մարդու իրավունքների կանոնադրություն)։

 Իրավական ուժը 
Ինքնին պայմանագիր չհանդիսանալով՝ Հռչակագիը հստակորեն ընդունվեց «հիմնարար ազատություններ» և «մարդու իրավունքներ» հասկացությունների իմաստի սահմանման նպատակով, որոց հանդիպում ենք ՄԱԿ-ի Կանոնադրությունում, ինչը պարտադիր է բոլոր անդամ պետությունների համար։ Այս պատճառով Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է։ Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ՝ ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը։ 1968թ. Մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսը  տեղեկացրեց, որ այն «հանդիսանում է պարտավորություն միջազգային հանրության անդամների համար» ուղղված բոլոր անհատներին։ Հռչակագիրը որպես հիմք է ծառայել մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի երկու պարտավորեցնող համաձայնագրերի համար՝ Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին և Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին, և Հռչակագրի սկզբունքները մանրամասն մշակվել են միջազգային պայմանագրերում, ինչպես օրինակ՝ Միջազգային կոնվենցիան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, Միջազգային կոնվենցիան կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան խոշտանգումների դեմ և շատ այլ համաձայնագրեր։ Հռչակագիրը շարունակում է լայնորեն վկայակոչվել կառավարություների, գիտնականների, փաստաբանների և սահմանադրական դատարանների ու անհատների կողմից, ովքեր դիմում են նրա սկզբունքներին իրենց կողմից ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության համար:
1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
(10 դեկտեմբերի, 1948թ.)
ՆԱԽԱԲԱՆ
Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու
անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,
քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության
խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և քանի որ իբրև մարդկության վեհ նպատակ է
հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների
ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից,
քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես
վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ,
քանզի անրաժեշտ է նպաստել ազգերի բարեկամական հարաբերությունների զարգացմանը,
քանզի Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը
մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի, տղամարդու ու կնոջ
իրավահավասարության նկատմամբ և վճռել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների
բարելավմանն աջակցել առավել ազատության պայմաններում,
քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել
մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց
պահպանման,
քանզի այս իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի
այս պարտավորության լիակատար իրականացման համար.
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
հրապարակում է սույն
Մ Ա Ր Դ Ո Ւ  Ի Ր Ա Վ Ո Ւ Ն Ք Ն Ե Ր Ի Հ Ա Մ Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր   Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը
որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և
հասարակության յուրաքանչյուր մարմին, մշտապես նկատի ունենալով այս Հռչակագիրը, ձգտի ուսուցման
ու կրթության միջոցով նպաստելու այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից
վերաբերմունքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովելու դրանց
համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե’ անդամ պետությունների ժողովուրդների, և
թե’ դրանց իրավասության տակ գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:
 

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 2
Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ  համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:
Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:
Հոդված 3
Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք ունի:
Հոդված 4
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:
Հոդված 5
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:
Հոդված 6
Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի:
Հոդված 7
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն:
Հոդված 8
Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:
Հոդված 9
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Հոդված 10
Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:
Հոդված 11
1.Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ
համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային
իրավունքով հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:
Հոդված 12
Ոչ ոք չպետք է իր անձնական ու ընտանեկան կյանքի, տան կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության ենթարկվի, ոչ էլ որևէ ոտնձգության` պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք ունի:
Հոդված 13
1. Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և ցանկացած պետության սահմաններում բնակավայր ընտրելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Հոդված 14
1. Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի:
2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել այնպիսի ոչ քաղաքական հանցագործությունների կամ
արարքների համար հարուցված հետապնդումների դեպքում, որոնք հակասում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
Հոդված 15
1. Յուրաքանչյուր ոք քաղաքացիության իրավունք ունի:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 16
1. Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նրանք հավասար
իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի:
Հոդված 17
1. Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
2. Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:
Հոդված 18
Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը
կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ,  հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:
Հոդված 19
Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու
իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ
մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած
միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից:
Հոդված 20
1. Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:
2. Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցվել որևէ միության:
Հոդված 21
1. Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է
անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:
Հոդված 22
Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր
պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:
Հոդված 23
1. Յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի:
3. Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է
լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:
Հոդված 24
Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի խելամիտ
սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի:
Հոդված 25
1. Յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր և իր
ընտանիքի առողջության ու բարեկեցության համար, ներառյալ սնունդը, հագուստը բնակարանը, առողջապահությունը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես
նաև ունի ապահովության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ գոյության այլ միջոցների անհրաժեշտության
դեպքում:
2. Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն:
Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն միևնույն սոցիալական պաշտպանությունից:
Հոդված 26
1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան, հավասարապես մատչելի բոլորի համար:
2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:
Հոդված 27
1. Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա
բարիքներից օգտվելու իրավունք ունի:
2. Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի:
Հոդված 28
Յուրաքանչյուր ոք սոցիալական ու միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք ունի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործելի են:
Հոդված 29
1. Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ և հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են
բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության
արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:
3. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
Հոդված 30
Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ
կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն:
* * * * *


Հռչակագրի հայերեն թարգմանությունը`
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակի

Комментариев нет :

Отправить комментарий