вторник, 13 ноября 2018 г.

Նորից տեղադրում ենք Մարդու Իրավունքների հռչակագիրը




Համարը 
217 Ա III
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հռչակագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Ընդունող մարմինը 
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը 
10.12.1948
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.1948
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

ոչ պաշտոնական թարգմանություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն
ՆԱԽԱԲԱՆ

Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և
նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի, և
նկատի առնելով, որ անհրաժեշտ է նպաստել ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, և
նկատի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վավերացրել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են աջակցել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների բարելավմանը, առավել ազատության պայմաններում, և
նկատի առնելով, որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցելով նպաստել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը, և
նկատի առնելով, որ այդ իրավունքների ու ազատությունների բնույթի համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,
Գլխավոր Ասամբլեան
հռչակում է մարդու իրավունքների սույն համընդհանուր Հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, այն առումով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, մշտապես նկատի առնելով սույն Հռչակագիրը, ձգտի լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել այդ իրավունքների ու ազատությունների հարգմանը և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումների միջոցով դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչման ու իրականացման ապահովմանը` ինչպես Կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների միջև:
Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 2.
Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:
Հոդված 3.
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Հոդված 4.
Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:
Հոդված 5.
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:
Հոդված 6.
Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:
Հոդված 7.
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Հոդված 8.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Հոդված 9.
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Հոդված 10.
Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Հոդված 11.
1. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:
2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:
Հոդված 12.
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 13.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Հոդված 14.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:
2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել, եթե հետապնդումն իրականում հիմնավորված է ոչ քաղաքական հանցագործություն կամ Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքներ կատարելով:
Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 17.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
2. Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր ունեցվածքից:
Հոդված 18.
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն:
Հոդված 19.
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Հոդված 20.
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու:
Հոդված 21.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը:
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության և կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:
Հոդված 22.
Յուրաքանչյուր մարդ, որպես հասարակության անդամ իրավունք ունի սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ իրավունքներ իրագործելու` ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով և յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան:
Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:
Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Հոդված 25.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:
2. Մայրությունն ու մանկությունը տալիս են առանձնահատուկ խնամքի և օգնության իրավունք: Ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միանման պաշտպանությունից:
Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:
Հոդված 28.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ու միջազգային այնպիսի կարգի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքները և ազատությունները կարող են լիակատար կերպով իրականացվել:
Հոդված 29.
1. Յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականություններ, միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:
3. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը երբեք չպետք է հակասի Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
Հոդված 30.
Սույն Հռչակագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել իբրև որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ ու արարքներ կատարելով, որոնք ուղղված լինեն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:

пятница, 27 мая 2016 г.

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները (1)

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները   (1)

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները շարունակաբար ընդլայնվել են:
2004թ. հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան: Հայաստանը ներգրավված է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնած «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:
ԵՀՔ շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006 թ. վավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ: Հայաստանի գործողությունների ծրագրում հատուկ գերակայությունների մեջ ներառվել են 8 հակակոռուպցիոն միջոցառումներ, այդ թվում` պատշաճ քննության ապահովումը և կոռուպցիոն հանցանքների հետապնդումը, Քրեական օրենսգրքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, դատավորների և դատախազների էթիկայի կանոնների մշակումը, պաշտոնյաների կողմից գույքի և եկամտի սխալ հայտարարագրման դեպքում պատասխանատվության սահմանումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը և այլն: Այս գործողությունների ծրագրում նշված համարյա բոլոր միջոցառումները միաժամանակ ներառված են նաև ՄԱԿ-ի, ԵԽ-ի «Քրեական իրավունքի մասին» և «Քաղաքացիական իրավունքի մասին» կոնվենցիաներում, ԿԴՊՊԽ-ի ու ՏՀԶԿ-ի առաջարկություններում:
2005 թ. ՀՀ-ը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան (ՄԱԿԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 2006 թ.: Լինելով ՄԱԿԿԴԿ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մոնիթորինգին:
2005 թ. ստորագրված ՆԱՏՕ-ի հետ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը պարտավորվել է ակտիվորեն մասնակցել ԿԴՊՊԽ-ի գործունեությանն ու իրականացնել ԿԴՊՊԽ-ի առաջարկությունները, իրականացնել ՀՌԻՄԾ-ն, ներդնել պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիայի կանխարգելման և հետապնդման հստակ և թափանցիկ հաշվետվողականության մեխանիզմ, բարելավել իրազեկումը կոռուպցիայի վերաբերյալ` պետական պաշտոնյաների ուսուցման և վերապատրաստման միջոցով:
Հայաստանը միացել է Բաց Կառավարման համագործակցությանը 2012 թ. ապրիլի 17-ին /պաշտոնական կայքէջն է՝www.ogp.am/: Բաց կառավարման համագործակցությունը  ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 8 հիմնադիր երկրների (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կողմից՝ թափանցիկ, հաշվետու և  արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում և կոռուպցիայի դեմ պայքարը:

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա


 ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է, ստորագրել է նաեւ Հայաստանը:
2005 թ. ՀՀ-ը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան (ՄԱԿԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 2006 թ.:
Ներկայացնում ենք մի քանի դրույթներ, կոնվենցիան ամբողջությամբ կարելի է տեսնել սեղմելով  վերջում նշված հղումը:

Հոդված 16. Օտարերկրյա պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը

 1. Յուրաքանչյուր Պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվեն օտարերկրյա պաշտոնատար անձին կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որեւէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալու, առաջարկելու կամ տրամադրելու արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` այն բանի համար, որ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այդ պաշտոնատար անձը կատարի որեւէ գործողություն կամ չկատարի որեւէ գործողություն` միջազգային գործեր վարելու կապակցությամբ առեւտրային կամ որեւէ ոչ իրավաչափ այլ առավելություն ստանալու կամ պահպանելու համար։

 Հոդված 20. Ապօրինի հարստանալը

 Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

Հոդված 23. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) i) գույքի փոխարկումը կամ փոխանցումը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ` այդպիսի գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու նպատակով կամ հիմնական իրավախախտման մեջ ներգրավված որևէ անձի օգնություն ցույց տալու նպատակով, որպեսզի նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.

ii) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տիրապետման եղանակը, տեղափոխելը, գույքի նկատմամբ իրավունքները կամ նրա պատկանելությունը քողարկելը կամ թաքցնելը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

բ) իր իրավական հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով՝

 i) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը` դրա ստացման պահին գիտակցելով, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

ii) իրավախախտումներից որևէ մեկը կատարելու նպատակով մասնակցելը, առնչությունը կամ հանցակցության մեջ մտնելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակներով`

ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների ամենալայն շրջանակի նկատմամբ.

 բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների շարքում որպես նվազագույնը պետք է ընդգրկի այն քրեական իրավախախտումների համապարփակ շրջանակը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիայի համաձայն.

գ) վերը նշված «բ» ենթակետի նպատակներով հիմնական իրավախախտումները պետք է ներառեն այն իրավախախտումները, որոնք կատարվել են ինչպես շահագրգիռ Մասնակից պետության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ Մասնակից պետության իրավասությունից դուրս կատարված իրավախախտումներն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեական իրավախախտում է համարվում այն պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեական իրավախախտում կճանաչվեր այն Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այնտեղ.

դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի իր այն օրենքների տեքստերը, որոնք ապահովում են սույն հոդվածի դրույթների իրականացումը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունները.

ե) եթե պահանջվում է Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներով, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավախախտումները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական իրավախախտումը:

  Հոդված 24. Պարտակելը 

 Չխախտելով սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի դրույթները` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն այն արարքները, որոնք կատարվում են դիտավորությամբ եւ այն իրավախախտումներից որեւէ մեկը կատարելուց հետո` առանց այդպիսի իրավախախտումներին մասնակցելու, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան. գույքը պարտակելը կամ անընդմեջ պահելը, եթե ներգրավված անձին հայտնի է, որ այդպիսի գույքը ստացվել է այն իրավախախտումներից որեւէ մեկի արդյունքում, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

 Հոդված 25. Արդարադատության խոչընդոտումը 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ. ա) ֆիզիկական ուժի օգտագործումը, սպառնալը կամ վախեցնելը կամ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը` կեղծ ցուցմունքներ տալուն դրդելու կամ ցուցմունքներ տալու գործընթացին միջամտելու կամ վարույթի ընթացքում ապացույցներ ներկայացնելու նպատակով, այն իրավախախտումների կատարման կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն. բ) ֆիզիկական ուժ, սպառնալիք գործադրելը կամ վախեցնելը` դատարանների կամ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրավախախտումների կատարման կապակցությամբ վարույթի ընթացքում պաշտոնական պարտականությունների կատարմանը միջամտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն: Սույն ենթակետում ոչինչ չպետք է խախտի Մասնակից պետության այնպիսի օրենսդրություն ունենալու իրավունքը, որը պաշտպանում է այլ կատեգորիաների պաշտոնատար անձանց:
ամբողջությամբ՝
http://www.un.am/res/UN%20Treaties/XI_9.pdf

Դիտեք  ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները նաեւ.
2004թ. հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան:


դիտեք բլոգում  
Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները  (1) նաեւ այլ գրառումներ նման թեմաներով կոռուպցիա,  տեգում.

вторник, 10 мая 2016 г.

Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա Ռուսաստանի ստեղծած կազմակերպություններից

Ապրիլյան պատերազմը եւ հաջորդող իրադարձությունները ապացուցեցին, որ Հայաստանի
անվտանգությունը պահանջում է անհապաղ դուրս գալ Ռուսաստանի ստեղծած կազմակերպություններից, մասնավորապես ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի օգնելու Հայաստանին ագրեսիայի դեպքում, իսկ դրա անդամ երկրները ավելի շատ հակված են Ադրբեջանին սատարել: Ռուսաստանի դեսպանատունը երեկ հայտարարել է, որ ռուսական զենք չի մտնելու Արցախ, քանի Արցախը չեն ճանաչել, իսկ մյուս կողմից ԵԱՏՄ -ն արգելափակում է երրորդ երկրներից Հայաստանի զենք զինամթերքի գնումը, քանի որ 18 տոկոս հարկ է պահանջում այդ զենքի գնից, այլ երկրներից գնելու համար:

ԺԻԶԻ _10.05.2016 

воскресенье, 10 апреля 2016 г.

Հայտարարություն Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին

 Հայտարարություն. Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին
Հայատարարությունը բաց է միանալու համար, հայտարարությանը միացել է նաեւ
մեր կազմակերպությունը

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nyeganyan@hcav.am
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

http://hcav.am/events/8-4-16-45678/
-------------------
Մեր կազմակերպությունը գտնում է, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, այս հայտարարության մեջ նշված իրողությունները,  եւ դրա հետագա  վտանգավոր զարգացումները չեզոքացնելու համար,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքից պետք է հեռացվի Ռուսաստանի թեկնածությունը, եւ եթե անհրաժեշտություն կա այդ երկրին փոխարինելու, Հայաստանն, Ադրբեջանը եւ մյուս երկու համանախագահ երկրները քննարկեն դա եւ նոր թեկնածու երկրի հարցը: Այս մասին կոչով նախատեսել ենք հրապարակել համապատասխան հայտարարություն, մարդու իրավունքների աղաղակող խախտումներով փաստերի հիմնավոր ուսումնասիրությունից հետո:
-------------------------------------
2016 թ. ապրիլի 1-ից 7-ը ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և  որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների  արդյունքում  հակամարտող կողմերը կրեցին  հարյուրից ավելի  մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին  Ռուսաստանի Դաշնության իշխանությունները: 

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։  Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերը, համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով: 

Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքի, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները: 

Հաշվի չառնելով 2016 թ.-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և  տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը, այլևս պետք է լրջորեն  մտահոգի  միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։ 

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին: 

Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ: 

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:  

понедельник, 28 марта 2016 г.

Ինչ է պետք անել Հայաստանի հետըթացից դեպի զարգացում աապահովելու համար

Ինչ է պետք անել Հայաստանի հետըթացից դեպի զարգացում աապահովելու համար,
բոլոր կուսակցություններն պետք է թողնեն տարաձայնությունները եւ միավորվեն բռնապետական կառավարման համակարգի դեմ,
դրա անհրաժեշտ պայմանը ազատ ընտրություններն են, իսկ դրա համար պետք է միանալ ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող փոփոխությունների այդ 5 կետանոց պահանջին,  որում ասվում է
պետք է հրապարակել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմել եւ մաքրել ընդհանուր ցուցակները , ԱԺ ընտրությունների պարզ ցուցակների կիրառում, տեսանկարահանել ընտրական գործընթացը, եւ ընտրողների նույնականացման մեխանիզմի կիրառման մասին,
միանալ էս պահանջին եւ ուլտիմատում ներկայացնել:
https://web.facebook.com/kochinyan

вторник, 22 марта 2016 г.

Միանում ենք ԸՕ-ի վերաբերյալ. հայտարարությանը

«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ միանում է նոր ընտրական օրենսգրքի նախագծի մեջ 5 փոփոխություններ կատարելու պահանջի հայտարարությանը, ՝  քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմելուն եւ ընդհանուր ցուցակները մաքրելուն, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը, մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառմանն ու մատների թանաքոտմանը, ինչպես նաեւ համամասնական պարզ ընտրակարգի կիրառմանը: Եւ ինչպես պահանջի մեջ նշվում է, գտնում է, որ որակական փոփոխություն կարող է լինել, եթե ԸՕ փոփոխությունը ներառի այդ հինգ կետերը, ընդ որում պետք է ներառվեն բոլորը եւ ընդունվեն որպես մեկ միասնական փաթեթ:
-
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում հայտարարել ենք
՛՛՛Աջակցություն՛՛ ՀԿ-ն, /այժմ ԴԻԶԻ/, բացի բոյկոտից  որեւէ ձեւաչափով չի մասնակցոմ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին,  քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ ընտրական գործընթացը վերահսկելու համար, ինչը հակասում է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանը, հակառակ դեպքում մեր մասնակցությունը  համարում ենք Հայաստանում ոչ ժողովրդական  ընտրությունները լեգետիմացնելու ծառայության մատուցում:
Մեր դիրքորոշումը կմնա նույնը, քանի չի փոխվել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ընտությանը մասնակցած Հայաստանում առկա քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո գտնում ենք պարտադիր: Բացի դա ժողովրդավարական ընտրությունները ենթադրում է վերահսկողության իրացման այլ դրույթների ներառում:՛՛ Եւ փորձը ցույց տվեց որ հանրաքվեի քվորումը շատ քիչ տոկոսով անցավ, եւ մենք ճիշ էինք, քանի որ բոյկոտին միանալու դեպքում հանրաքվեն չէր կայանա:

 ----------
«Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝
1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։
Հիմնավորում
• Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
• Կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
• Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենա տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
• Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետեւից կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
• Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ կհեռարձակեն այն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը):
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ
«Էլեկտրիկ Երեւան» ՀԿ
«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ*
Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ
Պահանջներին սատարելու առաջարկ է ուղարկվել նաեւ Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին: Մարտի 22-ի դրությամբ սույն հայտարարության պահանջներին աջակցել են հետեւյալ կուսակցությունները՝
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն,
«Ժառանգություն» կուսակցություն,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
Հայաստանի Ժողովրդական կուսակցություն,
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ):
Հայտարարությունը բաց է միանալու համար: