воскресенье, 8 марта 2015 г.

ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑ. Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը
1.1.1 Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:
Ստացվել են բողոքներ, որ 2014 թվականի ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց պահման մի շարք վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) ընդունված անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն այդ վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշումներ:
Այսպես, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան1ֈ Խնդրի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2014 թվականի ընթացքում ՁՊՎ-ներ ընդունված 186 անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում ՔԿՀ-ներ մարմնական վնասվածքներով ընդունվել է 321 անձ, և դեպքերի վերաբերյալ իրազեկումներ են ներկայացվել վարույթն իրականացնող մարմիններին՝ համապատասխան ընթացքը որոշելու համար2: Միաժամանակ, որոշ արձանագրված դեպքերով չեն իրականացվել անհրաժեշտ դատավարական և քննչական գործողություններ (օրինակ` զննություն, փորձաքննություն), և/կամ այդ դեպքերը բավարար խորությամբ և արագությամբ չեն ուսումնասիրվել: Բացի դրանից՝ օբյեկտիվ և
/1 ՀՀ կառավարության 05.06.2008թ. որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի համաձայն՝ ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածք կամ ակնհայտ հիվանդության նշաններ հայտնաբերելու կամ առողջության վերաբերյալ գանգատ լինելու դեպքում՝ Ոստիկանության մարմնի հերթապահը հրավիրում է բուժաշխատողի:
2 Վերոնշյալ դեպքերում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության` 26.05.2008 թվականի թիվ 17/4-253 և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի` 04.06.2008 թվականի թիվ 40/8-1768 հանձնարարականների համաձայն՝ մարմնական վնասվածքներով ՔԿՀ ընդունված բոլոր անձանց դեպքերով գրություններ են ուղարկվում, և տեղեկացվում են վարույթն իրականացնող մարմինները և Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը:/
7
բազմակողմանի քննություն իրականացնելու վերաբերյալ կասկածներ է հարուցում նաև այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մերժումների հիմնական հիմնավորում են եղել հենց ձերբակալված և կալանավորված անձանց պնդումները, որ իրենք ստացել են վնասվածքները մինչև արգելանքի վերցվելը կամ արգելանքի վերցվելու ժամանակ սայթաքելու կամ ընկնելու հետևանքով: Նման դեպքերում իրավասու մարմինները չպետք է բավարարվեն արգելանքի վերցված անձանց տեղեկություններով, այլ պետք է գիտակցեն, որ դեպքի հանգամանքների բացահայտման պարտավորությունը կրում են իրենք: Նշվածի համատեքստում հատկանշական է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, նաև պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները3: Այսպիսով, ազատազրկված անձանց մոտ մարմնական վնասվածքների հայտնաբերման դեպքերի առթիվ պատշաճ քննություն չիրականացնելը հանգեցրել է մարդու՝ խոշտանգումներից, դաժան, անմարդկային, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ոտնահարմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր մի շարք որոշումներով ամրագրել է, որ իշխանություններն ունեն կալանքի տակ գտնվող անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու պարտականություն: Եթե անձը հսկողության ներքո հայտնվելիս եղել է առողջական լավ վիճակում, սակայն ազատ արձակվելիս նրա մոտ հայտնաբերվել է վնասվածք, ապա պետությունը պարտավոր է տրամադրել համոզիչ բացատրություն՝ այդ վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ, այլապես խոշտանգման, վատ վերաբերմունքի ենթադրությունը կարող է գործել հօգուտ տուժողի՝ հանգեցնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի խախտման4: Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ կալանքի ընթացքում կամ ոստիկանության հսկողության ներքո գտնվելու մյուս ժամանակահատվածներում անձին պատճառված վնասը ծանրակշիռ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի5: Այսպիսով, Դատախազությունը պարտավոր է ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Ավելին, Դատախազությունը, լինելով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին և ունենալով համապատասխան լիազորություններ, պատշաճ կերպով չի ապահովել ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում բռնությունների և խոշտանգումների հնարավոր դեպքերի` օրենսդրությամբ սահմանված կարգով քննությունը:

Առաջարկ. խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու համար, ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում գտնվող ազատազրկվածների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների ստացման դեպքերը բացահայտելու նպատակով՝ ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրականացումը:

Комментариев нет :

Отправить комментарий