суббота, 7 марта 2015 г.

ԵԱՀԿ զեկույցը կոչ է անում բարելավել վկաների պաշտպանությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբերի 2011թ. – Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ հանրությանը ներկայացված ուսումնասիրության թեման էր` վկաների պաշտպանության միջազգային չափորոշիչները, նախաքննության և դատաքննության ընթացքում կիրառվող պաշտպանության միջոցները և վկաների պաշտպանության բարելավման գործնական առաջարկները:

Ուսումնասիրությունը ներկայացնում է միջազգային չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում` ազգային օրենսդրական մանրակրկիտ վերլուծություն և գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

<<Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրավապահ մարմինների հետ համագործակցելու կարողությունը կենսական է` օրենքի գերակայությունն երաշխավորելու համար>>, _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. <<Այն հանցագործությունների բացահայտման էական գործոն է>>:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հավելեց. <<Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում վկաների պաշպանությանը, ինչպես նաև երաշխավորել, որ նրանց իրավունքներն ըստ պատշաճի հարգվեն: Այս ուսումնասիրությունն օգտակար է` բացահայտելու այս ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանության համակարգի բարելավումը կբարձրացնի վկաների վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ և ըստ այդմ կօգնի կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերն ու կոռուպցիոն դրսևորումները: 

Զեկույցում ներկայացված առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարավորություն` օգտվելու հանրային պաշտպանի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում վկաների պաշտպանության միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, և վկաների` քննչական բաժիններ այցելությունների արձանագրում: 

Առաջարկությունները հիմնված են քննիչների և փաստաբանների հարցումների ուսումնասիրության արդյունքների վրա, ինչպես նաև փաստաբանների կողմից ավարտված գործերի վերլուծությունների: Այցելություններ են կատարվել նաև Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ոստիկանության բաժիններ` դիտորդելու դատավարական իրավունքների պաշտպանությունը:

Զեկույցի Էլեկտրոնային տարբերակը տեղադրված է հետևյալ կայքէջում` http://www.osce.org/yerevan/83916.
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:

Комментариев нет :

Отправить комментарий