пятница, 27 мая 2016 г.

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները (1)

Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները   (1)

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունները շարունակաբար ընդլայնվել են:
2004թ. հունվարին Հայաստանն անդամակցել է ԿԴՊՊԽ-ին, իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին, ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան: Հայաստանը ներգրավված է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնած «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում, որը կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:
ԵՀՔ շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006 թ. վավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ: Հայաստանի գործողությունների ծրագրում հատուկ գերակայությունների մեջ ներառվել են 8 հակակոռուպցիոն միջոցառումներ, այդ թվում` պատշաճ քննության ապահովումը և կոռուպցիոն հանցանքների հետապնդումը, Քրեական օրենսգրքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, դատավորների և դատախազների էթիկայի կանոնների մշակումը, պաշտոնյաների կողմից գույքի և եկամտի սխալ հայտարարագրման դեպքում պատասխանատվության սահմանումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը և այլն: Այս գործողությունների ծրագրում նշված համարյա բոլոր միջոցառումները միաժամանակ ներառված են նաև ՄԱԿ-ի, ԵԽ-ի «Քրեական իրավունքի մասին» և «Քաղաքացիական իրավունքի մասին» կոնվենցիաներում, ԿԴՊՊԽ-ի ու ՏՀԶԿ-ի առաջարկություններում:
2005 թ. ՀՀ-ը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան (ՄԱԿԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 2006 թ.: Լինելով ՄԱԿԿԴԿ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մոնիթորինգին:
2005 թ. ստորագրված ՆԱՏՕ-ի հետ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը պարտավորվել է ակտիվորեն մասնակցել ԿԴՊՊԽ-ի գործունեությանն ու իրականացնել ԿԴՊՊԽ-ի առաջարկությունները, իրականացնել ՀՌԻՄԾ-ն, ներդնել պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիայի կանխարգելման և հետապնդման հստակ և թափանցիկ հաշվետվողականության մեխանիզմ, բարելավել իրազեկումը կոռուպցիայի վերաբերյալ` պետական պաշտոնյաների ուսուցման և վերապատրաստման միջոցով:
Հայաստանը միացել է Բաց Կառավարման համագործակցությանը 2012 թ. ապրիլի 17-ին /պաշտոնական կայքէջն է՝www.ogp.am/: Բաց կառավարման համագործակցությունը  ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 8 հիմնադիր երկրների (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կողմից՝ թափանցիկ, հաշվետու և  արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում և կոռուպցիայի դեմ պայքարը:

Комментариев нет :

Отправить комментарий