воскресенье, 10 апреля 2016 г.

Հայտարարություն Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին

 Հայտարարություն. Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին
Հայատարարությունը բաց է միանալու համար, հայտարարությանը միացել է նաեւ
մեր կազմակերպությունը

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nyeganyan@hcav.am
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

http://hcav.am/events/8-4-16-45678/
-------------------
Մեր կազմակերպությունը գտնում է, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, այս հայտարարության մեջ նշված իրողությունները,  եւ դրա հետագա  վտանգավոր զարգացումները չեզոքացնելու համար,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների շարքից պետք է հեռացվի Ռուսաստանի թեկնածությունը, եւ եթե անհրաժեշտություն կա այդ երկրին փոխարինելու, Հայաստանն, Ադրբեջանը եւ մյուս երկու համանախագահ երկրները քննարկեն դա եւ նոր թեկնածու երկրի հարցը: Այս մասին կոչով նախատեսել ենք հրապարակել համապատասխան հայտարարություն, մարդու իրավունքների աղաղակող խախտումներով փաստերի հիմնավոր ուսումնասիրությունից հետո:
-------------------------------------
2016 թ. ապրիլի 1-ից 7-ը ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և  որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների  արդյունքում  հակամարտող կողմերը կրեցին  հարյուրից ավելի  մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին  Ռուսաստանի Դաշնության իշխանությունները: 

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։  Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերը, համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով: 

Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքի, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները: 

Հաշվի չառնելով 2016 թ.-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և  տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը, այլևս պետք է լրջորեն  մտահոգի  միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։ 

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին: 

Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ: 

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:  

Հայտարարությունը բաց է  միանալու համար:
Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nyeganyan@hcav.am: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 08.08.2016 թ. Հայտարարությանը միացել են՝
Աննա Մանուկյան
Արտակ Հակոբյան
Արտուշ Խանջյան
Վարդան Բաբայան, Մոսկվա, ՌԴ
''Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ'' ՀԿ
Սվետլանա Ասլանյան
Տիգրան Բեսալյան
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Комментариев нет :

Отправить комментарий