вторник, 22 марта 2016 г.

Միանում ենք ԸՕ-ի վերաբերյալ. հայտարարությանը

«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ միանում է նոր ընտրական օրենսգրքի նախագծի մեջ 5 փոփոխություններ կատարելու պահանջի հայտարարությանը, ՝  քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակմանը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմելուն եւ ընդհանուր ցուցակները մաքրելուն, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը, մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառմանն ու մատների թանաքոտմանը, ինչպես նաեւ համամասնական պարզ ընտրակարգի կիրառմանը: Եւ ինչպես պահանջի մեջ նշվում է, գտնում է, որ որակական փոփոխություն կարող է լինել, եթե ԸՕ փոփոխությունը ներառի այդ հինգ կետերը, ընդ որում պետք է ներառվեն բոլորը եւ ընդունվեն որպես մեկ միասնական փաթեթ:
-
Հիշեցնենք, որ ինչպես նախկինում հայտարարել ենք
՛՛՛Աջակցություն՛՛ ՀԿ-ն, /այժմ ԴԻԶԻ/, բացի բոյկոտից  որեւէ ձեւաչափով չի մասնակցոմ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներին,  քանի որ չկան վերահսկողական մեխանիզմներ ընտրական գործընթացը վերահսկելու համար, ինչը հակասում է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանը, հակառակ դեպքում մեր մասնակցությունը  համարում ենք Հայաստանում ոչ ժողովրդական  ընտրությունները լեգետիմացնելու ծառայության մատուցում:
Մեր դիրքորոշումը կմնա նույնը, քանի չի փոխվել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես ընտությանը մասնակցած Հայաստանում առկա քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո գտնում ենք պարտադիր: Բացի դա ժողովրդավարական ընտրությունները ենթադրում է վերահսկողության իրացման այլ դրույթների ներառում:՛՛ Եւ փորձը ցույց տվեց որ հանրաքվեի քվորումը շատ քիչ տոկոսով անցավ, եւ մենք ճիշ էինք, քանի որ բոյկոտին միանալու դեպքում հանրաքվեն չէր կայանա:

 ----------
«Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝
1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։
Հիմնավորում
• Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագրության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
• Կրկնաքվեարկությունների կանխարգելման նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի՝ քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
• Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենա տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնվել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
• Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Պարզ (փակ) համամասնական ցուցակի վերադարձը իր հետեւից կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
• Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնք ապացուցելը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ կհեռարձակեն այն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմելու, ստորագրելու եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորելու գործընթացը):
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ
«Էլեկտրիկ Երեւան» ՀԿ
«Դեմոկրատիայի եւ Իրավունքի Զարգացման ինստիտուտ»  ՀԿ*
Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ
Պահանջներին սատարելու առաջարկ է ուղարկվել նաեւ Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին: Մարտի 22-ի դրությամբ սույն հայտարարության պահանջներին աջակցել են հետեւյալ կուսակցությունները՝
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
«Հայկական Վերածնունդ» կուսակցություն,
«Ժառանգություն» կուսակցություն,
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
Հայաստանի Ժողովրդական կուսակցություն,
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ):
Հայտարարությունը բաց է միանալու համար:

Комментариев нет :

Отправить комментарий